Բացահայտվել է Պոմպեյի թունավորված ջրի հանելուկը

default (74)

Առասպելական Պոմպեյ ու Հերկուլանեում քաղաքների բնակիչներին կարող էր կործանել ոչ միայն Վեզուվի հրաբխի ժայթքումը, այլեւ ծարիրի (սուրմա) հսկայական քանակության թունավոր միացությունները, որոնք հայտնաբերվել են ջրատարների ջրի մեջ։ Այս մասին հայտնում են քիմիկոսները Toxicology Letters-ում հրապարակված հոդվածում։

«Վաղուց արդեն իմ գործընկերները համարում են, որ հռոմեացիներն իրենք են իրենց թունավորել, օգտագործելով կապարի խողովակներ իրենց ջրատարներում։ Այս ենթադրությունն այնքան էլ արդարացի չէ, քանի որ կապարի խողովակները բավականին արագ են պատվում ժանգով, ինչը թույլ չի տալիս, որ կապարը ներթափանցի ջրի մեջ։ Այլ կերպ ասած՝ նման խողովակները թունավոր կարող էին լինել միայն նոր տեղադրված պահին»,- ասում է Կաարե Ռասմուսենը Հարավային Դանիայի համալսարանից։

Ուսումնասիրելով Հռոմեական կայսրության կործանման պատմությունը՝ շատ պատմաբաններ ու հասարակական գործիչներ ուշադրություն են դարձրել, որ հռոմեացիները չափից շատ կապար են գործածել իրենց առօրյա կյանքում։ Ոչ միայն ջրի խողովակներն են կապարից պատրաստվել, այլեւ գինի եփելու կաթսաները, նաեւ որոշ դեղամիջոցներ են կապար պարունակել։

Հռոմեացիներն իրենք էլ նկատել էին, որ կապարի միացությունները շատ վատ են ազդում ուղեղի ու մարմնի այլ մասերի վրա։ Այդ իսկ պատճառով շատ գիտնականներ բավականին վաղուց համարում են, որ կապարի ակվեդուկների կառուցումն ու կապարից սպասքի գործածումը կայսրության կործանման գլխավոր պատճառներից է եղել։

Ռասմուսենն ու նրա գործընկերները փորձել են պարզել, արդյոք իրոք այդպես է։ Նրանք ուսումնասիրել են Պոմպեյում հայտնաբերված խողովակների նստվածքների ու նյութերի քիմիական կազմը։

Պարզվել է, որ այդ խողովակները պարունակում էին ոչ միայն կապար ու հանքանյութեր, այլեւ բավականաչափ սուրմա, թունավոր կիսամետաղ։

Սուրման, ի տարբերություն կապարի, շատ ավելի թունավոր է ու դրա նույնիսկ փոքր խտությունը ջրի մեջ կարող է առաջացնել աղիների խնդիրներ, սրտխառնոց, լյարդի ցիրոզ ու երիկամների քայքայում։

Խողովակները պարունակում էին 700 անգամ շատ սուրմա, քան Պոմպեյի հողը կամ Վեզուվիի մոտակայքի ապարները, ինչը խոսում է այն մասին, որ դա կարող էր մեծ սպառնալիք լինել քաղաքի բնակիչների առողջության համար։

Ռասմուսենը ենթադրում է, որ հին ժամանակներում շինարարները այդ փափուկ ու հեշտ ձուլվող մետաղն օգտագործել են խողովակները ամրացնելու համար։ Քիմիկոսի կարծիքով դա լավ բացատրում է, թե ինչու էին Պոմպեյի բնակիչները դժգոհում առողջական խնդիրներից, եւ կապարը դրա հետ որեւէ կապ, փաստորեն,  չի ունեցել։

Be the first to comment on "Բացահայտվել է Պոմպեյի թունավորված ջրի հանելուկը"

Leave a comment

Your email address will not be published.


*


Փակել