Քաղցկեղի առաջացման վտանգի յոթ գործոն

15159

Չարորակ ուռուցքների առաջացման գլխավոր պատճառները, ըստ գիտնականների, վնասակար սովորույթներն են։ Այսպես, ծխելը հանգեցնում է թոքերի քաղցկեղի, հարբեցողությունը՝ լյարդի ու ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի։

Բրիտանական Express պարբերականը նշել է յոթ գործոն, որոնք այս կամ այն կերպ կապակցված են քաղցկեղի առաջացման հավանականության հետ։ Եզրակացությունների հիմքում գիտական հետազոտություններն են, որոնք վերջերս իրականացվել են տարբեր գիտնականների կողմից։ Հրապարակման հեղինակները նշում են, որ չնայած գենետիկ գործոնները զգալիորեն ազդում են հիվանդության զարգացման վրա, բայց ցանկում դրանք չեն ներառվել։

«Գոյություն ունի քաղցկեղի 200 տարբեր տարատեսակ։ Հիվանդությունը կարող է ախտահարել ոսկորները,օրգանները, մաշկը, կուրծքը, ուղեղը, աղիները, միզապարկը, բերանը, լյարդն ու նույնիսկ արյունը։ Ըստ էության՝ քաղցկեղը այն է, երբ բջիջները գենետիկ փոփոխությունների ազդեցության տակ սկսում են անվերահսկելիորեն բաժանվել։ Քաղցեկղի զարգացման հավանականությունը կախված է ժառանգականության, շրջակա միջավայրի ու կենսակերպի համադրությունից»,- նշում է պարբերականը։

1. Ծխելը

Ծխելը մեծացնում է առնվազն 14 քաղցկեղային հիվանդությունների, այդ թվում՝ թոքերի քաղցկեղի վտանգը, ու կտրուկ ավելացնում է սիրտ-անոթային հիվանդությունների հավանականությունը։ Նաեւ ավելանում է կերակրափողի, կոկորդի, բերանի խոռոչի, միզապարկի, ենթաստամոքսային գեղձի, երիկամների, աղիների, արգանդի փողի ու ձվարանների քաղցկեղի ու լեյկեմիայի որոշ տեսակների վտանգը։

2. Ոգելից խմիչք

Ոգելից խմիչքի չարաշահումը նույնպես հղի է քաղցկեղի մի քանի տեսակների զարգացման վտանգով։ Այդ թվում ոգելից խմիչքը սպառնում է լյարդին ու ենթաստամոքսային գեղձին։

3. Ճարպակալում

Ավելորդ քաշի չափազանց մեծ քանակությունը կարող է բացասաբար ազդել օրգանիզմի բջիջների աշխատանքի վրա ։ Բացի դրանից, նույնիսկ եթե հաշվի չառնվի հենց ավելորդ քաշի գործոնը, որպես հիվանդության ռիսկի նվազմանն ուղղված երկու կարեւորագույն գործոն՝ գիտնականները նշում են ֆիզիկական ակտիվության բավարար քանակությունը ու առողջ սննդակարգը։

4. Սխալ սննդակարգ

Հետազոտությունների ընթացքում ապացուցվել է, որ կարմիր մսի չափազանց շատ գործածումը բարձրացնում է աղիների քաղցկեղի զարգացման վտանգը, իսկ շատ աղի սնունդը կարող է ստամոքսի քաղցկեղ առաջացնել։

5. Արեւ կամ սոլյարի

Հաջորդ երկու գործոնները, ի տարբերություն նախորդների մեծ մասի, ուղիղ առնչություն չունեն առողջ կենսակերպին։ Այդ գործոններից մեկն է արեւի ուղիղ ճառագայթների ներքո կամ սոլյարիում չափից երկար ժամանակ անցկացնելը։ Մասնագետները վստահեցնում են, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ավելորդ քանակությունը վտանգավոր է մաշկի համար ու կարող է քայքայել դրա ԴՆԹ-ն։

6. Սխալ մտածելակերպ ու կյանքի սխալ առաջնահերթություններ

Դրանք կարող են հանգեցնել դեպրեսիայի, իսկ դեպրեսիան կարող է սադրել ուռուցքի առաջացում։ Պարզվել է, որ դեպրեսիան բացասաբար է ազդում հորմոնների մակարդակի ու ներքին օրգանների աշխատանքի վրա։

7. Ինֆեկցիաներ

Մարդու պապիլոմավիրուսի որոշ տեսակներ վտանգավոր են համարվում քաղցկեղի առաջացման տեսակետից։

Գիտնականները կոչ են անում հրաժարվել վնասակար սովորություններից, վարել ակտիվ կենսակերպ ու չընկճվել։

NEWS.am Medicine

Be the first to comment on "Քաղցկեղի առաջացման վտանգի յոթ գործոն"

Leave a comment

Your email address will not be published.


*


Փակել