Դիրքերում ծառայակցին սպանելու մեջ մեղադրվողը դատարանում գրիչը նետել է…

default

Արցախի դիրքերից մեկում, նախնական տվյալներով, ծառայակցի կողմից սպանված 19-ամյա ժամկետային զինծառայող Հովհաննես Հարությունյանի գործով դատական նիստին ամբաստանյալ Միքայել Զաքարյանը գրիչ է նետել Հովհաննեսի իրավահաջորդի՝ մոր վրա:  Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց  Հովհաննեսի մայրը՝ տիկին Լյուդան: Նա նշեց, որ, երբ դատական նիստի ընթացքում ուսումնասիրվել են իրեղեն ապացույցները, իր ամուսինը լքել է նիստերի դահլիճը՝ մտածելով, թե սպանված որդու համազգեստը եւս իրեղեն ապացույցների մեջ է:

«Ամուսինս մտածեց, թե Հովոյիս շորերը եւս էդ իրեղեն ապացույցների մեջ են, երբ բացում էին տոպրակը, նա տեղից ասաց՝ դուք խիղճ ունե՞ք, եւ դուրս եկավ նիստերի դահլիճից: Մեզ ցույց տվեցին այն զենքը, որով Հովոյիս էին կրակել»,-ասաց տիկին Լյուդան:

Նա նշեց, որ ամուսնու՝ նիստերի դահլիճից դուրս գալուց հետո էլ ամբաստանյալը գրիչը նետել է իր վրա:

Ըստ մեղադրական եզրակացության` Միքայել Զաքարյանը վիճաբանության մեջ է մտել համածառայակից Հովհաննես Հարությունյանի հետ եւ ինքնաձիգով հանկարծակի, դիտավորությամբ մեկ անգամ կրակել վերջինի վրա եւ սպանել: Բացի դրանից, վիճաբանության մեջ է մտել շարքային Սամվել Զեյնալյանի հետ, եւ բռունցքով մեկ անգամ հարվածել նրան: Սամվել Զեյնալյանը նույնպես բռնություն է գործադրել նրա նկատմամբ:

Միքայել Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով եւ 359-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Սամվել Զեյնալյանին` 359-րդ հոդվածի 1-ին մասով: Միքայելը կալանավորված է, իսկ Սամվելի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նշենք, որ Հովհաննես Հարությունյանի իրավահաջորդի շահերի պաշտպան Անի Չատինյանը ավելի վաղ մեզ հետ զրույցում հայտնել էր, որ փորձաքննության արդյունքներով ապացուցվում է, որ 19-ամյա զինծառայողին սպանելու մեջ մեղադրվող նրա ծառայակից 19-ամյա Միքայել Զաքարյանը մեղավոր է: Բացի այդ, փաստաբանի խոսքով, համալիր դատահոգեբանական, դատաբժշկական փորձաքննությունների համաձայն Միքայել Զաքարյանը մեղսունակ է ճանաչվել:

Միքայել Զաքարյանն իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչում: Նրա փաստաբանը՝ Էրիկ Բեգլարյանը նշել էր, որ Հովհաննեսը Միքայելի ինքնաձիգը կատակով փորձել է վերցնել եւ հենց այդ քաշքշոցի ժամանակ էլ արձակվել է մահացու կրակոցը:

Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանը զոհվել էր 2016թ. մարտի 17-ին՝ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում:

Be the first to comment on "Դիրքերում ծառայակցին սպանելու մեջ մեղադրվողը դատարանում գրիչը նետել է…"

Leave a comment

Your email address will not be published.


*